Categories: Տնտեսական

Հայկ Մարությանին ներկայացվել է Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման առաջարկը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որը կնպաստի Հալաբյան փողոցում առկա վթարայնության աստիճան ունեցող շենքերում ապրող բնակիչների՝ ապահով, անվտանգ ու հարմարավետ պայմաններում ապրելու խնդրի լուծմանը: Բացի այդ, շուրջ 35000 քմ տարածքից միայն շուրջ 6000 քմ է լինելու կառուցապատման ենթակա, մյուս հատվածներն ամբողջությամբ բարեկարգվելու են, կանաչապտվելու և դառնալու են ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ: Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Share