Բաժին. Տնտեսական

Արկադի Խաչատրյանը՝ նավթի բացասական գնի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի Նավթի բացասական գնի մասին վերլուծությունը

«Երեկ, ապրիլի 20-ին, WTI նավթի գինն ընկավ և պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական:

Իմ շատ ընկերներ հարցնում են դա ի՞նչ է նշանակում, և առհասարակ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով:

1. Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ մնում են տանը, նավթի նկատմամբ պահանջարկ գրեթե չկա, ինչի արդյունքում ձևավորվել է առաջարկի գլոբալ ավելցուկ:

2. Երբ մոտենում է նավթի ֆյուչերսի ժամկետը լրանալու պահը, ներդրողը պետք է ընդունի նավթը՝ համաձայն պայմանագրի կամ վաճառի այն և գնի հաջորդ ամիսների ֆյուչերսը:

3. Խնդիրը նրանում է, որ ներդրողները սկսել էին վաճառել մայիսյան ֆյուչերսները մինչև ժամկետի լրանալը՝ նավթի նկատմամբ պահանջարկի բացակայության պատճառով: Սակայն այս անգամ գործնականում անհնար է եղել գտնել ֆյուչերսի գնորդներ, որոնք կցանկանային ընդունել նավթը: Ամերիկյան ընկերությունները պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու համար:

4. Այս պայմաններում ներդրողներն իրենք էին պատրաստ վճարել մայիսյան ֆյուչերսի գնորդներին ընդհուպ մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց և չէին գտնում էական պահանջարկ:

5. Ներկայումս, երբ նկատվում է նավթի պահեստարանների դեֆիցիտ, սկսել են վարձել տանկերներ, և այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ:

6. Ներդրողները, ուսումնասիրելով համաշխարհային տնտեսության տվյալները, ցավոք սրտի՝ դեռևս չեն տեսնում պահանջարկի վերականգնման էական նշաններ և տնտեսության V-աձև սցենարով վերականգնման էական հիմքեր: Այս պայմաններում, դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը»,-ֆեսյբուքի պաշտոնական էջում գրել է Խաչատրյանը:

Share