Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց չվճարած հարկերի դիմաց հաշվարկվող տույժի չափը նվազեցնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որն առնչվում է տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 22-ի նիստում քվեարկությամբ ստացավ 109 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Աննա Գրիգորյան

Share