Բաժին. Տնտեսական

Էդմոն Մարուքյանը՝ իրենց առաջարկի և պոպուլիզմի մասին

«Հարուստն աղքատին մանր է փրթում», – ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն արտահերթ նիստում իր ելույթը սկսում է ասույթով:

«Կառավարությունն ասում է՝ սիրելի հայրենակիցներ, փող չկա և եթե կա, այդ փողն ուրիշ բանի համար է», – մոտավորապես այս տպավորությունն է թողել պատգամավորի վրա գործադիրի պահվածքը: Խոսքը պահուստային ֆոնդի մասին է: Պատգամավորն առաջարկում է 385 մլրդ դրամ խնայողությունից մի որոշ մաս հատկացնեն կարիքն ունեցող քաղաքացիներին:

«Դուք ճիշտ եք ասում, որ դա ազատ փող չի. կան պարտավորություններ, բայց դրանից մոտ 200 մլրդ-ը խնայողության փողն է, որը կարող է մեր կառավարությունը ծախսել, ժողովրդին աջակցել ու ներարկել մեր տնտեսության մեջ: Մենք ասում ենք՝ քանի որ ժողովրդի ձեռքին փող չկա, գազն ու լույսը գնացել-անջատել եք, ով էլ հացի փող է ունեցել, դրանով գազի ու լույսի համար է վճարել՝ սոված նստելով տանը, այս մարդկանց՝ 500 հազար ընտանիքի տվեք 100 հազար դրամ, որը կազմում է 50 մլրդ դրամ: 470 հազար թոշակառուներին էլ մի ամսվա հավելյալ թոշակ տվեք: Այս 2 ծրագիրը, եթե կարելի սա ծրագիր համարել, 100 մլրդ դրամը չի անցնում: Հիմա ինչ են ասում մեր կառավարության սիրելի գործընկերները. ասում են՝ սա պոպուլիզմ է», – Էդմոն Մարուքյանը նկատում է՝ սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները դրա կարիքը չունենային, մենք ասեինք՝ տվեք կամ եթե այդ փողը չլիներ, մենք ասեինք՝ տվեք:

Share