Բաժին. Տնտեսական

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 54.9 մլրդ դրամ

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ շահառու տնտեսավարողների թիվը, ովքեր օգտվել են հակաճգնաժամային միջոցառումներից, 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775 հազար մարդ:

«Այսինքն՝ 775 հազար մարդ, այս պահի դրությամբ, օգտվել է մեր հակաճժգնաժամային միջոցառումներից որևէ մեկից», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն չորս հազար հարյուր ուսանողի։ «Նաև՝ պոտենցիալ վարկերից օգտվող, այսինքն՝ թվերը, որ դուք հնչեցրեցիք, փաստացին են, բայց ունենք հաստատված միջոցառում, և այսօրվանից կարող ենք ասել, որ շահառուների թիվը ավելի է», – ասաց փոխվարչապետը։

Խոսելով ուսանողներին օգնելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք առանց բացառության օգնում են բոլոր ուսանողներին։ «Այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունն ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար պակաս շոշափելի է։ Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալուց, որովհետև եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողը օգտվի նույն չափով, ինչ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը, էլ որտե՞ղ կլինի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը», – ասաց վարչապետը:

Share