Բաժին. Տնտեսական

Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ճգնաժամային առաջին օրերից շատ ինտենսիվ կերպով քննարկվում էր, և կային առաջարկներ, որ կառավարությունը որոշմամբ բանկային համակարգին պարտադրի տալ վարկային արձակուրդներ: «Եվ ես հայտնել եմ իմ սկզբունքային դիրքորոշումը, որ վարչական որոշմամբ այդպիսի լուծումների չի կարելի գնալ, որովհետև դա կբերի մեր ֆինանսական համակարգի կայունության էական խաթարման: Եվ մենք այս թեմայով առանց որևէ վարչական լծակի, մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որը հաղորդակցություն է ապահովել նաև առևտրային բանկերի հետ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ վարկային կազմակերպությունները և բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց»,-ասաց Փաշինյանը:

Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ: 

Հայաստանում մարտի 16-ին կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված հայտարարվել էր արտակարգ դրություն: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։ Բանկերն այս ընթացքում վարկերի հետ կապված պետք է անհատական որոշում կայացնեին:

 

Աննա Գրիգորյան

Share