Բաժին. Տնտեսական

ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներ՝ 2020թ. հունվար-մարտ

2020թ. հունվար-մարտ ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Նվազել է միայն շինարարության ծավալը։

Այսպես, հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7%-ով և կազմել 450.4 մլրդ դրամ, շինարարությունը նվազել է 9.4%-ով և կազմել 43.91 մլրդ դրամ, առևտրի շրջանառությունն աճել է 0.2%-ով և կազմել 657.5 մլրդ դրամ, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.5%-ով և կազմել 451.6 մլրդ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով և կազմել 73.62 մլրդ դրամ։

2020թ. հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.56 մլրդ ԱՄՆ դոլար։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4%-ով։

Հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 475.3 մլն ԱՄՆ դոլարով:

Նշված ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 0.2%-ով և կազմել 544.9 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը նվազել է 6.2%-ով և կազմել 1.02 մլրդ դոլար։

2020թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,136 դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 9.2% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.5%-ով և կազմել 162,109 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով և կազմել 203,742 դրամ։

Share