Տնտեսագետ, գյուղատնտես, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Արմեն Հարությունյանը համընդհանուր կարանտինն օգտագործում է՝ օնլայն դասախոսությունների տեսանյութեր պատրաստելով։ Հարությունյանի հերթական դասխոսությունը պարենային անվտանգության մասին է։ Համավարակով պայմանավորված՝ միջազգային մամուլը հաճախ է անդրադառնում այս թեմային։ Պարենային անվտանգությունը, թերևս, ամենակարևոր ոլորտներից է` ստեղծված իրավիճակով և համավարակի հետևանքներով պայմանավորված։
«Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կարող է հասնել մինչև 9 միլիարդ 800 միլիոնի։ Ըստ էության՝ տեղի է ունենում նաև ուրբանիզացում, այսինքն, ավելի շատ մարդ տեղափոխվում է քաղաքներ, քաղաքները ընդլայնվում են։ Մեկ այլ կանխատեսման համաձայն՝՝ բնակչության շուրջ 68 տոկոսը մինչև 2050 թվականը կտեղափոխվի քաղաքում ապրելու։ Սա նշանակում է, որ պետք են սննդամթերքի և ագրոպարենային գյուղատնտեսական այնպիսի համակարգեր, որոնք առաջին հերթին կկարողանան բավարարել մեծացող, աճող բնակչության պահանջները և նաև ինչ-որ չափով հետևողական լինեն այն նախասիրություններին ու վարքագծի փոփոխությանը, որը տեղի է ունենում շուկաներում», – նկատում է մասնագետը։
Ըստ Արմեն Հարությունյանի՝ պարենային անվտանգության մասին պետք է մտածել ոչ միայն համավարակի պայմաններում, այլ միշտ, որովհետև սա աշխարհի առաջ ծառացած հերթական ճգնաժամն է ընդամենը։