Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյան. Պետք է ձեռնպահ մնալ 2018-2019թթ հարկային մուտքերը 2017թ հետ համեմատելուց

Օրեր առաջ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով։

Վարչապետի հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ավելի ուշ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց իրողությունը՝ բացատրելով 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»։

Թեև ՊԵԿ նախագահը դրա բացատրությունն, այսպես ասած, տվել էր, այնուամենայնիվ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ պետք չէ 2019-ի հարկային եկամուտները համեմատել 2017-ինի հետ. մեթոդաբանության տարբերություն կա։

«2017 թ. հարկերի հավաքագրման մեթոդաբանությունն այլ էր։ Բացի այդ 2018-2019թ.թ. մի շարք հարկատեսակների դրույքաչափերի բարձրացում է եղել, մասնավորապես՝ ալկոհոլի ու ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերն ամեն տարի 10 տոկոսով

ավելացել են, բնականաբար դրանք լրացուցիչ հարկային մուտքեր են ապահովում», – ասում է տնտեսագետն ու նկատում՝ պետք է ձեռնպահ մնալ 2018-2019-ի հարկային մուտքերը 2017-ինի հետ համեմատելուց։

Պարսյանի կարծիքով՝ նույն կերպ համեմատել պետք չէ նաև պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը. այս հարցում ևս փոխվել է մեթոդաբանությունը, նախկինում եղել են գերավճարներ, փոխվել է հարկային վարչարարությունը։

Share