Բաժին. Տնտեսական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շաբաթը մեկ անգամ կիրականացվեն կանոնավոր բեռնային փոխադրումներ

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում տևական դադարից հետո կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

«Coyne Airways ընկերության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տրվեց Լյեժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին: Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթները կիրականացվեն Բոյինգ 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»,- նշում են օդանավակայանից:

«Internatioanl transport journal»-ից տեղեկանում ենք, որ բրիտանական ընկերությունն արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ իրականացնում է բեռնափոխադրումներ դեպի Երևան՝ ավելի վաղ սպասարկելով Հայաստանի մայրաքաղաքը Թբիլիսիի տարածքով:

Ավիաընկերության գործադիր տնօրեն Լարի Քոյնը նշել է, որ Երևանն իրենց համար կարևոր շուկա է եղել տարիներ շարունակ։

«Մենք ուրախ ենք Լյեժից ուղիղ բեռնափոխադրումների միջոցով թողունակությունը մեծացնելու հնարավորության համար, ինչը, հատկապես կողջունվի գլոբալ համաճարակի ժամանակ»,- հայտնել է Քոյնը:

Լյեժ և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումների ծառայությունը սկսվել է 2020 թվականի մայիսի 10-ից։

 

 

 Լիլիթ Դեմուրյանը

Share