Բաժին. Տնտեսական

Արտակարգ դրության ընթացքում էլեկտրոնային առևտուրը 3 անգամ աճել է

Հայաստանում մարդիկ արտակարգ դրության ընթացքում 3 անգամ ավելի շատ են կատարել էլեկտրոնային առևտուր: Առևտրի այս եղանակը ոչ միայն բացառում է ՀԴՄ կտրոն չտպելու ռիսկերը, այլ նաև կանխում վարակի հնարավոր տարածումը՝ թղթադարամի, մետաղադրամի միջոցով: «Արմենպրես»-ն էլեկտրոնային առևտրի, այս ոլորտում պետության կողմից իրականացվող քայլերի մասին խոսել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանի հետ: 

«Արտակարգ դրության ընթացքում ծավալային առումով էլեկտրոնային առևտրի մոտավորապես 3 անգամ աճ է գրանցվել: Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր շատ սահմանափակումներ մտան, և դրանց առկայության դեպքում տնտեսավարողները փորձել են իրենց ծառայությունները ներկայացնել ավելի շատ էլեկտրոնային եղանակով»,-ասաց Ծատուրյանը:

Այս ցուցանիշն ընդհանրական է և ներառում է թե այն դեպքերը, երբ մարդիկ խանութում գնումներ կատարելիս վճարում են քարտային տարբերակով, թե դեպքերը, երբ մարդիկ տնից վեբ-կայքերի միջոցով պատվիրում են ապրանք և ստանում առաքմամբ: Ծավալը հստակ ճշգրտելու համար շատ տարբեր տնտեսավարողների հետ հանդիպումներ, հարցումներ են կազակերպվում: Երբ էլեկտրոնային եղանակով վճարում է կատարվում, անմիջապես ֆիքսվում է: Պետությունը դա տեսնում է, սակայն տեսանելի չէ, թե էլեկտրոնային եղանակով վճարումը կատարելուց հետո ապրանքն ինչպես է հասցվում սպառողին՝ առաքման միջոցո՞վ, թե՞ սպառողն անձամբ է խանութում այն վերցնում:  

Փոխնախարարը նշեց՝ կարևոր է, որ երկուստեք՝ թե տնտեսավարողները, թե  քաղաքացիները նախընտրեն էլեկտրոնային եղանակով վճարում կատարելը: Նա նկատեց՝ ռիսկեր են նվազեցվում: «Թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները խրախուսում են, որ քաղաքացիներն առևտուր անելիս պահանջեն ՀԴՄ-ներ: Էլեկտրոնային առևտրի ժամանակ այդ խնդիրներն ավտոմատ կերպով դուրս են գալիս, ամբողջ շրջանառությունն էլեկտրոնային տարբերակով թափանցիկ ձևով երևում է»,-ասաց Ծատուրյանը:

Հարցին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ կորոնավիրուսի իրավիճակի ավարտից հետո ևս էլեկտրոնային առևտրի մշակույթն արմատավորվի հասարակության մեջ՝ փոխնախարարը պաստասխանեց՝ դա կախված է նաև տնտեսավարողների մատուցած ծառայությունների որակից: «Օրինակ, եթե մարդն օնլայն գնում է կատարում և ստանում օրինակ կոտրված կամ չհամապատասխանող ապրանք, բնականաբար այլևս չի ցանկանա օգտվել այդ տարբերակից: Կպահպանվի այդ մշակույթը, թե ոչ, ուղիղ կախված է նաև քաղաքացիների՝ էլեկտրոնային առևտրի նկատմամբ ունեցած վստահությունից: Եթե քաղաքացին չի վստահում էլեկտրոնային գործարք կատարելուն, ապա այն էլեկտրոնային առևտրի զարգացման խոչընդոտ է »,-նկատեց նա:

Փոխնախարարը նշեց՝ կա տնտեսավարողի կողմից մատուցած ծառայությունների որակի բաղադրիչ, ենթակառուցվածքի զարգացման բաղադրիչ և հարմարավետության բաղադրիչ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ որպես ոլորտը խթանող մարմին, զբաղվում է էկոհամակարգի զարգացմամբ:  Ծատուրյանը շատ կարևորեց նաև ծառայությունների մասշտաբայնությունն ու հասանելիությունն ամբողջ ծավալով: Նա փակագծեր բացեց՝ «Հայփոստը», լինելով ազգային փոստային օպերատոր, մշակում է իր ռազմավարությունը և նոր տեսլականը, թե ինչ նոր ծառայություններով է հանդես գալու: Այն ամենամեծ ենթակառուցվածքներից մեկն է, իր փոստային ծառայություններն առաջարկում է  ամբողջ հանրապետությունում, ապահովում է հասանելիություն անգամ հեռավոր բնակավայրերում: Փոխնախարարը նկատեց՝ զարգացած երկրներում էլեկտրոնային առևտրի կարևոր բաղադրիչ է նաև այն, թե ապրանքը որ գործընկերոջ միջոցով է տեղ հասնելու: Ծատուրյանը հայտնեց, որ «Հայփոստը» բիզնես-բիզնես համագործակցության շրջանակում այդպիսի պլատֆորմային ծառայություններ մատուցելու տեսլական ևս ունի:  «Էկոհամակարգի զարգացման համար սա կարևորագույն բաղադրիչներից է, որ պետության կողմից կարող է աջակցվել»,-նշեց նա: 

Փոխնախարարը նկատեց նաև, որ Հայաստանում բավականին շատ ունենք տեղական վճարային համակարգեր: «Մեր վերջին հարցումներով՝ նրանց ծավալները 2-3 անգամ ավելացել են: Միտումը գնում է նրան, որ մարդիկ նախընտրում են օգտվել օնլայն առևտրից, ուղղակի պետք է շեշտը դնել որակի վրա, որը կախված է տնտեսավարողների աշխատանքի կազմակերպման ձևից»,-ասաց Ծատուրյանը:

Անդրադառնալով հեռավոր բնակավայրերում բանկոմատների, տերմինալների հասանելիության վերաբերյալ մեր հարցին՝ նա նկատեց, որ դրանց դեպքում շրջանառությունը կանխիկ է: «Սակայն գաղափարախոսությունն այն է, որ կանխիկը հնարավորինս քիչ օգտագործվի, այսինքն՝ մարդը ոչ թե տերմինալով գործարքը կատարի, այլ՝ հենց իր համակարգչից, հեռախոսից:  Հնարավորինս խուսափենք մետաղադրամներ, թղթադրամներ օգտագործելուց, քանի որ փորձը ցույց տվեց, որ դրանք ցանկացած տիպի վարակի տարածման լավագույն միջոց են դառնում: Անկանխիկ գործարքների տարբերակները շատ ավելի նախընտրելի են, ողջ աշխարհն է ձգտում դրան, թղթադրամ պահելն էլ պետության համար թանկ գործընթաց է»,-ասաց նա:

Փոխնախարարը նկատեց՝ թղթադրամից հրաժարվելու համար միջոցներ կան, դրանք հասանելի են գրեթե ամենուր՝ նաև նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով, դրանք զինված են  քարտով վճարումներ ընդունելու հնարավորությամբ: «Այսինքն, եթե կա ՀԴՄ, ուրեմն ապահովված է նաև քարտով առևտրի հատվածը: Այս հատվածով տնտեսավարողները բավականին մեծ աջակցություն ունեն: Հասանելիությունը կա, ՀԴՄ սարքերը կան, միջոցները կան, մնացածը կախված է տնտեսավարողի կամքից»,-նկատեց Ծատուրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախարար Հակոբ Արշակյանը նախաձեռնել է արտակարգ դրության ընթացքում տնտեսավարողների հետ հանդիպում, խնդիրների վերհանում, օպերատիվ կերպով բարձրացված խնդիրների լուծման քննարկումներ: Քննարկվել են սերվերային ենթակառուցվածքների, առաքման խնդիրների հարցեր՝ լոգիստիկ շղթաները ճիշտ ապահովելու հատվածով: Նա վստահեցրեց՝ նախարարության կողմից նախաձեռնություններ արվել և արվում են, միևնույն ժամանակ աշխատում են նաև բջջային օպերատորների հետ:

 

Աննա Գրիգորյան 

Share