Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ի հետ Ուզբեկստանի հարաբերությունների խորացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները

Մայիսի 11-ին Ուզբեկստանի խորհրդարանի՝ Օլի Մաժլիսի  վերին պալատը՝ Սենատը 71 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայներով հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին խորհրդարանի Օրենսդիր պալատը, իսկ մարտին՝ կառավարությունը ևս ընդունել էին նմանատիպ որոշումներ:

Թեպետ այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունի երկրի նախագահը, կարելի է ասել, որ այն արդեն կայացվել է, քանի որ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու առաջարկը եղել է հենց նախագահ Շավքաթ Միրզիյոևինը։ Նա այս տարվա հունվարին Օլի Մաժլիսին ուղղված իր ուղերձում նշել էր, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը «չի խաթարելու երկրի ինքնիշխանությունը և պետք է բխի ժողովրդի շահերից»։ 

Նախագահի համաձայնությունից հետո, դիտորդի կարգավիճակ ստանալու համար` Ուզբեկստանը պաշտոնապես կդիմի ԵԱՏՄ-ին և տվյալ դիմումը կդառնա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների քննարկման առարկա:

ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի՝ հնարավոր անդամակցության մասին խոսվում է դեռևս նախորդ տարվանից, և չէր բացառվում, որ որպես այդ գործընթացի միջանկյալ հանգրվան` Ուզբեկստանին Միությունում տրամադրվի դիտորդի կարգավիճակ: Պաշտոնական Տաշքենդի եվրասիական ձգտումների մասին հայտարարվեց 2019թ. հոկտեմբերին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։ Բացառելով Ուզբեկստանի նկատմամբ որևէ արտաքին ճնշում՝ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրեն ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների փորձը, համագործակցության խորացման բոլոր հնարավոր դրական և բացասական կողմերը։ 

Ի՞նչ է ենթադրում ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։

«ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի» 109-րդ հոդվածը սահմանում է, որ դիտորդ պետությունը կարող է մասնակցել Միության մարմինների նիստերին՝ հրավերի դեպքում, ստանալ կառույցի ընդունած փաստաթղթերը, սակայն դիտորդը չի մասնակցում որոշումների կայացման գործընթացին։ Ներկայումս նման կարգավիճակ ունի միայն Մոլդովան:

Թեև ԵԱՏՄ դիտորդ պետությունն իր կարգավիճակից բխող հստակ պարտավորություններ չի ստանձնում, այն պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել Միության և անդամ երկրների շահերին։ Մնացյալ պարտավորությունները և համագործակցության մակարդակը կարգավորվում են դիտորդ պետության հետ առանձին փաստաթղթերով։  Ուզբեկստանի դեպքում, ամենայն հավանականությամբ, դա կլինի ազատ առևտրի համաձայնագիր։ Դեռ նախորդ տարի Ուզբեկստանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հայեցակարգը, որը ենթադրում է՝ մինչև 2021թ. վերջ ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ։ 

Հատկանշական է, որ եթե Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի օրոք երկրի արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես «կառուցողական հավասարահեռության պահպանում», 2016թ. Շավքաթ Միրզիյոևի իշխանության գալուց հետո երկրի արտաքին քաղաքականության շրջանակներում առավել մեծ ուշադրություն է դարձվում հետխորհրդային տարածքի և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում շատ է խոսվում Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու և ՀԱՊԿ վերադառնալու մասին։ 

Այս փուլում ԵԱՏՄ հետ համագործակցության զարգացումը բխում է Ուզբեկստանի շահերից, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով:

  • Սպառման մեծ շուկայի անհրաժեշտությունը, ինչպիսին կարող է լինել ԵԱՏՄ ավելի քան 180 միլիոնանոց շուկան։ Եվրասիական շուկայում ներքին արտադրողների աջակցությունն ու սահմանափակումների վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանան արտահանման համար։
  • Ուզբեկստանում օտարերկրյա նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն։ Ներկայումս Ուզբեկստանում հնարավոր խոշոր ներդրողներ կարող են  լինել հիմնականում Ռուսաստանը և Չինաստանը։ Սակայն, հաշվի առնելով Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի օրինակները՝ Ուզբեկստանը փորձում է խուսափել չինական ներդրումներից։
  • Ուզբեկստանի տարանցիկ ներուժի օգտագործման անհրաժեշտություն։ ԵԱՏՄ-ի հետ սերտ համագործակցությունը կարող է նպաստել Ուզբեկստանի տրանզիտային պոտենցիալի իրացմանը:
  • Ռուսաստանում մեծ թվով ուզբեկ աշխատանքային միգրանտների կարգավիճակի բարելավման անհրաժեշտություն։ Ուզբեկստանում շատ ընտանիքների եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից եկող տրանսֆերտներն են և ԵԱՏՄ հետ համագործակցությունը կարող է նպաստել միության տարածքում ուզբեկստանցի աշխատանքային միգրանտների պայմանների բարելավմանը:
  • Հարևանների հետ հարաբերությունների խորացման հնարավորություն։ ԵԱՏՄ հետ համագործակցությունը կնպաստի Ղազախստանի և Ղրղզստանի հետ տնտեսական համագործակցության զարգացմանը, որոնց հետ հարաբերություններում այժմ խոչընդոտներ են ի հայտ գալիս։
  • Չինաստանի քաղաքական և տնտեսական ընդլայնվող ազդեցության նվազեցում։ Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում չինական ներկայության և ազդեցության մեծացումը` տարածաշրջանի մի շարք երկրների կարևոր խնդիր է դարձել աշխարհաքաղաքական հակակշիռների ստեղծումը:

Իր հերթին ԵԱՏՄ-ն ևս որոշ հետաքրքրություններ ունի Ուզբեկստանի հետ հարաբերությունների խորացման հարցում.

–  ԵԱՏՄ նոր երկրների ներգրավումը իմիջային տեսանկյունից բավական կարևոր է միության համար:

Ուզբեկստանը բավական մեծ շուկա է ԵԱՏՄ երկրների համար՝ մոտ 33մլն բնակչությամբ։

– Ուզբեկստանն ունի բավական հարմար աշխարհագրական դիրք և ենթակառուցվածքներ, ինչն ավելացնում է վերջինիս տարանցիկ հնարավորությունները։ ԵԱՏՄ տրանզիտային և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացման խնդիրների նկատմամբ վերջին շրջանում բավական մեծացել ուշադրությունը:

– Եթե ապագայում Ուզբեկստանն անդամակցի ԵԱՏՄ-ին, դա կարող է նպաստել նաև Տաջիկստանի անդամակցության հեռանկարին:

Այսպիսով, ԵԱՏՄ-ի հետ Ուզբեկստանի հարաբերությունների խորացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները։ ԵԱՏՄ-ում, հատկապես՝ Ռուսաստանում, այս հարցում ևս նախաձեռնողական են։ Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Ուզբեկստանը ԵԱՏՄ-ում դիտորդության հայտ կներկայացնի և կստանա նման կարգավիճակ։ Հավանական է նաև տնտեսական հարաբերությունների խորացումը՝ ազատ առևտրի գոտու ստեղծման ձևաչափով։

 

Վարդուհի Հարությունյան

Share