Բաժին. Տնտեսական

Բիզնեսի աջակցության շրջանակը կընդլայնվի

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով տուժած բիզնես ոլորտի աջակության նոր ծրագրեր կնախաձեռնի և կընդունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Եթե աջակցության ծավալները համարվեին բավարար, մենք նոր ծրագրեր չէինք նախաձեռնի և ընդունի, հետևաբար այս գործընթացը նույնպես շարունակական է լինելու: Լինելու են բիզնեսի ու նոր ծրագրերի աջակցության նոր գործիքներ, որոնց մասին շուտով կհայտարարենք»,- ասաց Ավինյանը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 17 միջոցառում է հաստատել։

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:

 

Նորայր Շողիկյան

Share