Բաժին. Տնտեսական

Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերից 2019-ին կատարվել է 178 մլրդ դրամի գործարք

Հայաստանում 2019 թվականի ընթացքում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 մլն գործարք, ինչը 2017թ-ի նկատմամբ աճել է 102 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 48 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 մլն գործարք, ինչը 2017թ-ի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2.5 մլն գործարքով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 48 տոկոսով կամ 1.6 մլն գործարքով: Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 մլրդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով: Այս ցուցանիշը հետաքրքիր է նրանով, որ ցույց է տալիս, թե Հայաստանում ինչքան օտարերկրյա ծագման բանկային քարտեր են օգտագործվել»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով 2019-ի տնտեսական աճի ցուցանիշներին՝ վարչապետը նկատեց, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008թ-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով: Փաշինյանն այս փաստաի արձանագրումը հատկապես ճգնաժամի պայմաններում կարևոր համարեց նրա համար, քան որ կառավարության ծրագրում արձանագրել էին, որ ուզում են ունենալ արտահանմանը միտված և տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն: «Հիմա մենք տեսնում ենք, որ 2019-ի արդյունքներով ունենք երկնիշ աճ՝ արտահանման ոլորտում, երկնիշ աճ՝ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահնման ոլորտում: Իսկ մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը»,- ասաց Փաշինյանն ու շեշտեց, որ մշակող արդյունաբերության մեջ չի մտնում հանքարդյունաբերությունը:

 

Աննա Գրիգորյան

Share