Բաժին. Տնտեսական

20 վարչական վարույթ՝ գերիշխող դիրքի չարաշահումների համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ գերիշխող դիրքի չարաշահման առումով հարուցված վարչական վարույթները 2019-ին էականորեն ավելի են եղել 2018-ի և 2017-ին հարուցված վարույթների համեմատ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ. չեն եղել վարույթներ: 2019-ին եղել է երկու վարչական վարույթ: Ընդ որում, հակամրցակցային համաձայնությունները համարվում են մրցակցային ոլորտում ամենածանր խախտումները: Եվ այս խախտման մասին նույնիսկ արգելք կա ՀՀ սահմանադրությունում: Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին ունեցել ենք 5 վարույթ, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 20 վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում՝ համապատասխանաբար 43, 25 և 30 վարույթ: Չհայտարարգրված համակենտրոնացումներ՝ 23, 7  և 8»,-ասաց Գևորգյանը:

Անբարեխիղճ մրցակցության առումով, որը ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017-ին եղել է 55, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57 վարույթ:

ՏՄՊՊՀ-ն պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ 2017 և 2018 թթ. ունեցել է 0 վարույթ, 2019-ին՝ 6 վարույթ: «Սա, կարծում եմ, շատ կարևոր հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցային օրենսդրության խախտում պարունակող գործողությունների դեմ»,-նշեց Գևորգյանը:

Նա նաև ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար վերցրել են համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, որը 12 հենասյուների վրա գնահատում է  մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա:  Գևորգյանն անդրադարձավ դրանցից մի քանիսին: Օրինակ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Հարևան երկրների նկատմամբ Հայաստանը գտնվում է բավականին բարելավված դիրքում:

«Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնականը: Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջավ 19-րդ կետ»,-ասաց Գևորգյանն ու հավելեց՝ այս ցուցանիշների բարելավումը միայն ու միայն հանձնաժողովի գործունեության հետ չի կապված, դա ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է:

 

Աննա Գրիգորյան

Share