Բաժին. Տնտեսական

Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով դիմակ վաճառելու տարբերակ է քննարկվել

Հայաստանում պարերտատունը քննարկել է տարբերակ՝ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով վաճառել: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝  պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

Բաղդասարյանը նկատեց, որ Երևանում երբեմն հնարավոր է գոնե 150 դրամով դիմակ գնել, իսկ մարզերում վիճակն ավելի վատ է, զգալիորեն թանկ է: 

«Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է անում: «Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիսի ժամանակահատվածը, քանի որ դեկտեմբերին դիմակի գների մասով, կարծեք թե, խնդիր չկար, համեմատել ենք բոլոր 7 խոշոր ըներությունների մարժաները և գնային քաղաքականությունը: Եվ նախնական ունենք հետևյալ պատկերը՝ ներկրման արժեքը մոտ տասն անգամ թանկացել է: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից, մանրածախ վաճառքի վրա կիրառվող մարժաների չափը ևս մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարելու»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դա չեն կարող մի քանի օրվա ընթացքում իրականացնել, ուսումնասիրում են ողջ շուկան: 

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում պաշտպանիչ դիմակների գները հասնում են մինչև 220-250 դրամի:

 

Աննա Գրիգորյան

Share