Categories: Տնտեսական

Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է բարձրացնել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ:

«Օրենսգրքի 7-րդ հոդվածի երրորդ կետում սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված պարզեցված կարգով, բացակայում է: Խոսքը վերաբերում է հողի պարզեցված կարգի փոփոխությանը՝ սպանդանոցների համար: Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը հուլիսի 1-ից ՀՀ-ում անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի՝ այս փոփոխությունը շատ կարևոր է և էական: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին: Այն պայմանավորված է աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու և իրականացման առավել հստակ կարգորոշումներ, աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությամբ»,- ասաց Պապիկյանը:

Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս:  Այսպիսով, աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Պապիկյանի կարծիքով՝ դրա արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց, դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն՝ հստակ նախավճար վճարելու, մասնավորապես տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական: Ավագանու ինստիտուտի դերը բարձրացնելու նպատակով մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն:

 

Աննա Գրիգորյան

Share