Բաժին. Տնտեսական

Վարչապետը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամ է կանխատեսում նորից փակվելու պարագայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամ է կանխատեսում, եթե Հայաստանը նորից վերադառնա սահմանափակումների խիստ ռեժիմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Առողջապահության համակարգը մեր առաջ անընդհատ դնում է օր առաջ համընդհանուր սահմանափակումների գնալու խնդիր: Այդ հարցը պարետատանը, գրեթե, ամենօրյա ռեժիմով քննարկվում է: Մենք սահմանափակումների շրջանը տեսել ենք: Տեսել ենք, որ այն բերում է գրեթե աղետալի սոցիալական ու տնտեսական հետևանքների: Պետության հնարավորություններն անսահմանափակ չեն, նորից փակվելու ընթացքում կարող ենք հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Share