Բաժին. Տնտեսական

Կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

«Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշեց Գրիգորյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:

Ապրիլի 16-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 80 «կողմ», 17 «դեմ» և 17 «ձեռնպահ» ձայներով։

 

Նորայր Շողիկյան

Share