Բաժին. Տնտեսական

Փաստ. Հաջորդ «սերիան». եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում

«Երբ տևական ժամանակ մասնագետները ահազանգում էին Հայաստանի ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում հերքելու այդ ամենը:

Ավելին՝ խնդիրների մասին բարձրաձայնողներին ֆեյքերով, սատելիտներով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անվանարկում էին, իսկ վարչապետի՝ այդ գծով խորհրդականը նույնիսկ հրաժարական ներկայացրեց՝ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին:

Եվ ահա, երեկ Եվրոպական հանձնաժողովը, թարմացնելով ԵՄ օդային անվտանգության ցուցակի ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, Հայաստանը ներառել է ԵՄ տարածքում չվերթերի արգելքի տակ ընկած երկրների շարքում: Նման որոշում կայացվել է համապատասխան ստուգումների արդյունքում:

Ի դեպ, ուշագրավ է համապատասխան հանձնակատարի գնահատականը. «Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն»:

Ավիացիայի փորձագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս թարմացումը ցավալի է, սակայն դժվար է անսպասելի կամ անակնկալ համարել: «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է, որի արդյունքները կարող են շատ ծանր լինել:

Հաջորդ «սերիան» լինելու է այն, որ եվրոպական ավիաընկերությունները զբաղեցնելու են թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում: Պատճառաբանություններն ու «կրուտիտներն» այլևս անիմաստ են:

Հիմա գնդակը իշխանությունների դաշտում է, թե ինչպես կկարողանան այսուհետև աշխատել Եվրահանձնաժողովի հետ՝ իրավիճակը հնարավորինս շտկելու համար, թեպետ դա չափազանց դժվար է լինելու»,-ասաց նա», – գրում է Փաստ օրաթերթը:

Share