Բաժին. Տնտեսական

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի` բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: Դրույթներից մեկով` այդ արտոնությունների կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

 

Նորայր Շողիկյան

Share