Բաժին. Տնտեսական

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆ

Ի պատասխան «Բիզնես 24»-ի հարցմանը ԱԿՖ «Սիստեմա» կորպորացիայի մամուլի ծառայության պետ Յուլիա Բելոուսը հայտնել է, որ հունիսի 27-ին, տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվել են կորպորացիայի տնօրենների խորհուրդի նոր անդամներ, իսկ խորհուրդի անդամների թիվը 10-ից հասցվել է 13-ի: Խորհուրդի նոր անդամների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը` որպես կորպորացիայի անկախ տնօրեն: Նշենք նաև, որ խորհուրդում կան 4 անկախ տնօրեններ:

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:

Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս: ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է հայկական Վիվասել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բջջային օպերատորի սեփականատերը, «Սինտրոնիքս» ընկերությունը «Մարս» գործարանի, Երևանի մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության, ամտոմատիզացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտների սեփականատերն է,  իսկ «Կոմսթար» ընկերությունը հանդիսանում է «Կորնետ ԷՅԷՄ» ինտերնետային ընկերության սեփականատերը, որը Հայաստանում առաջինը շահագործման հանձնեց WiMAX ինտերնետ հասանելիության  լայնամաշտաբ համակարգը:

Ռոբերտ Քոչարյանի պարտականությունների և գործունեության հետագա ընթացքի մասին դեռևս միայն կարելի է ենթադրություններ անել: Սակայն այն, որ ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի Հայաստանյան ձեռնարկությունները նախկին նախագահի համար գործունեության մեծ դաշտ կարող են բացել դա ակնհայտ է:

Share