Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ – BMW ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՑՈՒՑԱՓԵՂԿԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ իրենց ընկերությունը զբաղվում է «BMW» («ԲՄՎ») եւ «Mercedes-Benz» («Մերսեդես-Բենց») մակնիշների ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ վաճառակետի ցուցափեղկերում փակցված են տվյալ մակնիշների ավտոմեքենաների ֆիրմային նշանները: Դիմումում նշվել է, որ իրենց է դիմել «Վիտտորիա» իրավաբանական ծառայություն» ընկերությունը, հայտնելով, որ ստանձնել է գերմանական «BMW» ընկերության իրավական շահերի պաշտպանությունը եւ նշել, որ «BMW»-ին պատկանող ապրանքանիշը «Լաերտ եւ Ռոբերտի» կողմից օգտագործվում է ապօրինի, միաժամանակ պահանջել է դադարեցնել իրավախախտումը եւ այդ մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնել իրենց: «Լաերտ եւ Ռոբերտը» հայտնել էր նաեւ, որ հիմնականում զբաղվում է «BMW» («ԲՄՎ») ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ ցուցափեղկերից հանելով տվյալ ապրանքանշանը, չի կարող գովազդել եւ իրացնել պահեստամասերը, ավելին` այլ ցուցանակի օգտագործումը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն եւ մոլորեցում: Հաշվի առնելով նշվածը` «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը խնդրել է հանգամանորեն ուսումնասիրել եւ պարզել «Վիտտորիայի» գործողությունների օրինականությունը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում «Վիտտորիան» ներկայացրել է համապատասխան փաստարկներ, փաստաթղթեր եւ այլն: Իսկ «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը նոր դիմում է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ «BMW» ապրանքային նշանը ցուցափեղկերից հանել է, որով, փաստորեն, կատարել է «Վիտտորիայի» պահանջը եւ խնդրել է դադարեցնել վարույթը:
Ելնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներից (դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձեւով հրաժարվում է իր դիմումից), Հանձնաժողովը կարճել է վարույթը:
Share