Բաժին. Տնտեսական

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 15%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 16.4%-ով և կազմել 2057.6 միլիոն դոլար (760.7  մլրդ  դրամ): Հաշվետու այս ամիսների արդյունքներով արտաքին առևտրի ոլորտում ՀՀ հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 14.6%-ով և կազմել 425.4 միլիոն դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 20.7%-ը:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին աճել է շուրջ 15%-ով և կազմել 580.6 միլիոն դոլար: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալնների զգալի աճ է գրանցվել ԱՊՀ անդամ երկրներից Ղազախստանի հետ: Այս երկրի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն այս տարի աճել է ավելի քան 5.7 անգամ և կազմել 24.0 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, Ուկրանիայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 5.3%-ով և կազմել 102.0 միլիոն դոլար (Ուկրաինային բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 5.0%-ը):  ԱՊՀ անդամ մյուս երկրների, մասնավորապես, Թուրքմենստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը հաշվետու այս հինգ ամիսներին կազմել է 9.3 միլիոն դոլար, Բելառուս հետ` 11.4 միլիոն դոլար, ԱՊՀ այլ երկրների հետ` 8.1 միլիոն դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 28.2%-ը:

Share