Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԽՈՇՈՐ «ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ»

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտի ամփոփ վիճակագրական տվյալներ` ըստ առանձին ապահովագրական ընկերությունների: Համաձայն այս տվյալների` ՀՀ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է: Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 32%-ը: 2011թ հունիսի 30-ի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` 114 713 տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 4.0 մլրդ դրամ:

ՀՀ ԱՊՊԱ շուկայում իրենց կայուն մասնաբաժիններով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ին հաջորդում են «ՌԵՍՈ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 16.5% և 15.9% մասնաբաժիններով:  2011թ հունիսի 30-ի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` 57 895 տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 55 719 տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերության մոտ հաշվեգրված ապ.վճարների գումարը կազմել է 1.7 մլրդ դրամ, իսկ  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ`  2.0 մլրդ դրամ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 12.2% ( 42 736  գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 1.4 մլրդ դրամ), «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 6.7% (23 705 գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը`   843 մլն դրամ), «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 6.1% ( 21 411 գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 734 մլն դրամ), «ՌԱՍԿՈ»` 5.6%  (19 609 գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 665 մլն դրամ), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 3.7% (13 250 գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 502 մլն դրամ):

Նշենք նաև, որ 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` 349 038 տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 12.1 մլրդ դրամ:

Share