Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլի 7-ին Երևանում կայացավ հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստի համանախագարներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն: Միջոցառմանը մասնակցում էին ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը: 

Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, մասնավորապես` երկկողմ առևտրում ապրանքատեսակների բազմազանության ավելացման և դրանց որակի բարձրացման խնդիրները, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման, հայկական և չինական ձեռնարկությունների միջև կապերի ամրապնդման, համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման հնարավորությունները, այլ խնդիրներ: 

Նիստի ավարտին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին արձանագրություն` Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման և խորացման մասին, որից հետո լրագրողներին տեղեկացրեցին նիստի արդյունքների մասին, նաև պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ա.Պերտորսանն իր գոհունակությունը հայտնեց նիստի արդյունքների կապակցությամբ, ընդգծելով, որ հայ-չինական տնտեսական համագործակցությունը աչքի է ընկնում իր կայունությամբ և բարձր մակարդակով: «Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդեցին անցած տարի Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի այցերը Չինաստան, որոնց արդյունքում մի շարք պայմանավորվածություններ եղան, դրանք էլ փորձում ենք այսօր կյանքի կոչել», – ասաց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ, մասնավորապես քննարկվել է Հայաստանում մետաքսի արտադրություն հիմնելու, շինարարության, բազալտի, մանրաթելերի արտադրության, ենթակառուցվածքների (Հյուսիս-Հարավ մայրուղի, Հայաստան-Իրան երկաթգիծ) զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու հարցերը: Նա նաև նշեց, որ չինական կողմին ներկայացվել է 20 ներդրումային ծրագիր, որոնց վերաբերյալ չինական կողմը խոստացել է արագ արձագանքել: 

«Կարծում եմ, որ մեր 6-րդ նիստը պրագմատիկ էր: Կողմերը հետաքրքրիր մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության շուրջ, նախանշվեցին ապագա համագործակցության հեռանկարային ուղղությունները», – իր խոսքում ասաց Ս. Իյունֆուն: Նա նաև փաստեց, որ վերջին շրջանում հայ-չինական առևտրաշրջանառությունը մեծ թափ է ստացել և նշեց, որ կա հետաքրքրություն հայկական գինու, կոնյակի, օգտակար հանոծոների նկատմամբ: Ս. Իյունֆուի խոսքերով, Չինաստանի կառավարությունը Հայաստանին կաջակցի գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման հարցերում: 

Նույն օրը հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ՉԺՀ պատվիրակությանն ընդունեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ողջունելով չինական պատվիրակությանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ Տ. Դավթյանը անդրադարձավ նիստի օրակարգային հարցերի շուրջ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշեց, որ դրանք, միանշանակ, կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:  ախարարը նշեց, որ չնայած Չինաստանի համեմատ Հայաստանի տնտեսությունը փոքր է, սակայն դիվերսիֆիկացված է և կան ոլորտներ, այդ թվում` արդյունաբերություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն, որտեղ հայ-չինական համագործակցության ամբողջ ներուժը դեռ օգտագործված չի:  Զրույցի ընթացքում, Տ. Դավթյանը նաև հույս հայտնեց, որ նախատեսվող հայ-չինական գործարար համաժողովի ընթացքում ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ներդրումային ծրարգրերի և համատեղ նախագծերի շուրջ, ինչն իր հերթին կնպաստի հայ-չինական գործարար կապերի ամրապնդմանը:

ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց նախարարից ընդունելության համար: Նա ընդգծեց հայ-չինական գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և, որպես համագործակցության հեռանկարային ոլորտ, նշեց էներգետիկայի, բնական պաշարների, արդյունաբերության և այլ բնագավառներ: Որպես հայ-չինական տնտեսական համագործակցության հաջողված նախագիծ Սուն Իյունֆուն օրինակ բերեց քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը:  Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին նաև համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման անհրաժեշտությունը:

Share