Բաժին. Տնտեսական

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 0.6% ԳՆԱՃ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կենդանական և բուսական յուղերի, բանջարեղենի, շաքարավազի 1.3-4.8% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1-4.8% գնաճ, 1-ում 1.3%` գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 22.8% գնանկում, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատ`4.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի 23.9%, սխտորի 24.7%, կանաչ պղպեղի 27.2%, կաղամբի 29.2%, վարունգի 31.2%, լոլիկի 48.7% գնաճով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի 45.8%, գազարի 13.6%, ճակնդեղի 11.6%, կանաչ լոբու 8.4%, կարտոֆիլի 0.7%, գլուխ սոխի 0.6% գնանկում: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 0.6-10.5%-ով, իսկ մյուս 3 քաղաքներում արձանագրվել է 4.2-3.3%, գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.2%-ով:

2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 31.0%, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատ` 4.8% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ շաքարավազի գինն աճել է 3.7-10.0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 3.7%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.8% գնանկում, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատ` 1.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 2.2% և արևածաղկի բուսական յուղի 2.4% գնաճով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 1.1- 4.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), ք. Գյումրիում գրանցվել է 0.9% գնանկում, իսկ ք. Թալինում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 1.1% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.3%, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատ` 0.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ոչխարի մսի 1.9% թանկացմամբ: 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի մսի 0.1% գնաճ և խոզի մսի 1.8% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1-1.4% գնաճ, 2 քաղաքներում` 2.3-0.1% գնանկում, իսկ մյուս 2 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.2%-ով:

2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձվի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, այլ մթերքի, ձկնամթերքի 0.1-1.0% գնաճ, իսկ հացամթերքի, կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մրգի ապրանքախմբում 2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 16.2%, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատ` 1.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արքայանարնջի 58.4%, նռան 44.8%, մանդարինի 12.4%, տանձի 9.4%, խաղողի 7.1%, նարնջի 2.6%, ադամաթզի 2.1% գնանկումով: Արտաշատ, Հրազդան, Չարենցավան, Երևան, Վանաձոր քաղաքներում արձանագրվել է մրգի 4.3-2.6% գնանկում, 6 քաղաքներում` 3.3-10.5% գնաճ, իսկ ք. Կապանում գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

Share