Բաժին. Տնտեսական

FOREX CLUB – ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԿԱԶՄԻ 7,6%

2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների գների շուրջ 1% նվազման արդյունք է: Հանրապետությունում գրանցված գնանկումն առավելապես պայմանավորված է մշակաբույսերի, և մասնավորապես, ցորենի գնի նվազմամբ: Նշենք, որ համաշխարհային շուկայում սեպտեմբեր ամսին ցորենի գինը կրճատվել է շուրջ 7,1%-ով:

Սեպտեմբերին ՀՀ-ում գրանցված գնանկման վրա  իր անմիջական ազդեցությունն է թողել միրգ և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի համապատասխանաբար 10.9% և 13.8% գնանկումը: Նշենք նաև, որ սեպտեմբերին ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքնախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Միևնույն ժամանակ, 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` ընթացիկ տարվա առաջիկա ամիսներին գնաճային ճնշումները Հայաստանի սպառողական շուկայում կշարունակվեն, իսկ սպառողական գների աճի տեմպերը կարող են արագանալ, ինչը հիմնականում պայմանավորված կլինի հոկտոմբեր-դեկտեմբերին հանրապետությունում գորածարար ակտիվության բարձրացմամբ:

Ըստ կանխատեսումների`սպառողական գնաճի տեմպերը 2010 թվականի արդյունքներով կկազմի 7,6%:

Share