Բաժին. Տնտեսական

2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ 8,5%

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ, ինչը հիմնականում պարենային ապրանքների գների 3.1% գնաճի արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցված պարենային ապրանքների  գնաճը հիմնականում կաթնամթերքի 12,7%  և, մասնավորապես, պանրի 20% գնաճի արդյունք է` կաթի գնի համեմատական ոչ բարձր աճի տեմպերի պայմաններում (+1,3%): Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` ՀՀ սպառողական շուկայում պանրի գնի բարձրացումը կապված է արտադրողների` կաթի իրացումից չստացված շահույթի փոխհատուցման ցանկությամբ:

Նշենք նաև, որ նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է նաև մրգերի 3,2%, կենդանական և բուսական յուղերի համապատասխանաբար 5% և 14,6%, ձվի 11,9%  գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ հումքի գների բարձրացմամբ:

2010թ.  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.5% գնաճը հիմնականում պայմանավորվել է վառելիքի 1.2%, մշակույթի ապրանքների 1.4%,  ոսկերչական ապրանքների 1.6%, գործվածքի 2.9% գնաճով: Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ.  նոյեմբերին

հոկտեմբերի համեմատ գրանցված սակագների 0.3% նվազումը  մեծապես պայմանավորվել է հանգստի կազմակերպման, տրանսպորտի  և բուժսպասարկման  ծառայությունների սակագների` համապատասխանաբար 4.6%, 0.6% և 0.6%  նվազումով:

2010 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով ՀՀ-ում սպառողական գնաճի տեմպը կազմել է 7,4%: Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի կարծիքով` առաջիկա այս մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում կուժեղենա գնաճային ճնշումը` պայմանավորված ավանդական ամանորյա սեզոնային գործոններով: Կանխատեսումների համաձայն, 2010 թվականի արդյունքներով սպառողական գնաճը Հայաստանում կկազմի 8,5%:

Ինչ վերաբերում է 2011 թվականի գնաճային սպասումներին, ապա, Միքայել Վերդյանի գնահատամամբ, առաջիկա տարում գնաճի մակարդակը Հայաստանում պայամանվորված կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, սակայն տնտեսության աճի կայուն տեմպերով պայմանավորված` 2011 թվականին գնաճը 2010 թվականի համեմատությամբ կսահմանվի առավել ցածր մակարդակում: Վերլուծաբանի համոզմամբ, գնաճի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է նախ և առաջ լուծել ներմուծվող ապրանքներից Հայաստանի կախվածության խնդիրը; Այս տեսանկյունից կարևոր խնդիր է նաև դոլարիզացման բարձր մակարդակը:

Share