Բաժին. Տնտեսական

FOREX CLUB – ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 3,1%

Մինչև տարեվերջ ՀՀ ազգային արժույթը կդրսևորի կայունացման միտումներ և կտատանվի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 350-353 դրամ մակարդակում: Այսպիսին են Forex Club-ի կանխատեսումները: Ինչպես այսօր Հայաստանում ընկերության գործունեության 10-ամյակին նվիրված ասուլիսի շրջանակներում նշեց ընկերության վերլուխաբան Միքայել Վերդյանը` իրականացված ուսումնասիրությունների համաձայն տարեվերջին, ըստ ձևավորված միտումների, կաճի դեպի Հայաստան արտարժույթի հոսքը, ինչը ենթադրում է, որ արտարժույթի առաջարկի աճին զուգընթաց հայկական դրամի փոխարժեքը կամրապնդվի: Միաժամանակ, վերլուծաբանի գնահատմամբ` հաջորդ տարվա սկզբին դրամի փոխարժեքը կտատանվի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 360-363 դրամի սահմաններում:

Ըստ ներկայացված կանխատեսումների` տարեվերջին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%, իսկ արդեն 2011 թվականին կգրանցի տնտեսական աճի առավել բարձր ցուցանիշ` 4%-ի սահմաններում:

Խոսելով Հայաստանում արժութային թրեյդինգային շուկայի զարգացման միտումների մասին` Միքայել Վերդյանը նշեց, որ այն զարգացման լավ հեռանկարներ ունի: Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում FOREX CLUB-ի 10 տարվա գործունեության ընթացքում  ընկերության կազմակերպած սեմինարներին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: Այսօր Հայաստանում արժութային թրեյդինգով զբաղվում է շուրջ հազար մարդ։ 

Որպես Հայաստանում արժութային թրեյդինգի զարգացման հիմնական ռիսկեր Միքայել Վերդյանն առանձնացրեց գումար կորցնելու վաղը և կարճ ժամանակահատվածում շատ գումար աշխատելու ձգտումը:

Share