Բաժին. Տնտեսական

FOREX CLUB – 2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ի ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿԿԱԶՄԻ 3,4%

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2042788,8 մլն դրամ (5596,68 մլն ԱՄՆ դոլար), որը 3,1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի ամիսներին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպերը դրսևորում են նվազման միտում: ՀՆԱ-ի աճի առավել բարձր տեմպ գրանցվել է մայիսին, երբ ՀՆԱ-ի աճը կազմել էր 8,8%: Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` ՀՆԱ-ի աճի տեմպերի անկման պատճառներից մեկը արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրության ծավալների անկումն է: Անբարենպաստ եղանակով պայմանավորված` հունվա-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը կրճատվել է 18%-ով: Forex Club-ի կանխատեսումների համաձայն` մինչև տարեվերջ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակը կբարելավվի` առավելապես պայմանավորված կարտոֆիլի լավ բերքով: 2010 թվականի արդյունքներով ակնկալվում է ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների անկում` 2-3%-ի սահմաններում:

Տնտեսական գործունեության տեսանկյունից անկայուն աճի տեմպ է գրանցվում նաև Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներում, մասնավորապես արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտներում: Հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 11,5%-ով, այն դեպքում, երբ հունիսին ցուցանիշը կազմել էր 12,3%: Forex Club-ի վերլուծաբանի գնահատմամբ` արդյունաբերության ոլորտում աճի տեմպերի անկումը պայմանավորված է ոլորտի վարկավորման ոչ կայուն ծավալներով:

Ինչ վերաբերում է շինարարությանն, ապա այս ոլորտում արտադրության ծավալները հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 2,5%-ով, այն դեպքում, երբ հունիսին գրանցվել էր ցուցանիշի աճ` 4,1%-ի սահմաններում: Միքայել Վերդյանի գնահատմամբ` մի կողմից շինարարության ոլորտում զբաղված տնտեսավարող սուբյեկտների վարկավորման ծավալները վերջին ամիսներին աճում են, մյուս կողմից չեն աճում ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկավորման ծավալները, ինչը դանդաղեցնում է ոլորտի աճը: Մինչև տարեվերջ կանխատեսվում է շինրարարության ոլորտի որոշակի կայունացում, որը թույլ կտա հասնել նախորդ տարվա շինարարական արտադրության մակարդակին:

Վերջին երեք ամիսներին առևտրի ոլորտում աճի տեմպը տատանվում է գրեթե 0%-ի սահմաններում, ինչը, ըստ Forex Club-ի գնահատականների, պայմանավորված է ոլորտի վարկավորման ծավալների աճի բացակայությամբ, սպառողական վարկավորման ծավալների կրճատմամբ և բնակչության եկամուտների աճի ոչ բարձր տեմպով: Աշնան ամիսներին Հայաստանի առևտրի ոլորտի ավանդական ակտիվացմանը զուգընթաց կանխատեսվում է առևտրաշրջանառության ծավալների աճ: Վերլուծաբանի գնահատմամբ` տարեվերջին, այնուամենայնիվ, առևտրի ոլորտում գրացված աճի տեմպը չի գերազանցի 1%-ը:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` 2010 թվականի արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 3,4%, ինչը ենթադրում է, որ երկրում տնտեսական իրավիճակը մինչև տարեվերջ կկայունանա, իսկ տնտեսության հիմնական ճյուղերում կգրանցվի որոշակի աճ:

Share