Բաժին. Տնտեսական

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ՉԿԱՆ

Կապիտալի արտահոսքի վերաբերյալ կառավարությունն ունի հստակ պատկերացումներ, և այդ տեսակետից ահագնացող երևույթներ ներկայում չկան: Այս մասին երեկ` հուլիսի 22-ին, նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ: 

«Մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են կապիտալի հոսքերը, մեր երկրի վճարային հաշվեկշիռը: Կենտրոնական բանկն այդ գործառույթն իրականացնում է պրոֆեսիոնալ մակարդակով: Իհարկե, կան որոշ դեպքեր, երբ մեր հայրենակիցները գործարաններ են կառուցում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, չնայած նրան, որ իրենց եկամուտները վաստակում են Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ, վարելով ազատական քաղաքականություն, մենք չենք կարող մեր գործարարների առջև սահմանափակումներ կիրառել, թե ինչպես նրանք կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը: Պետք է հաշվի առնել, որ գործարարները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկեն իրենց ռիսկերը, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից: Եթե Հայաստանում իրենց բիզնեսը կազմակերպող տնտեսվարողներն ունենան ավելի դիվերսիֆիկացված բիզնեսներ, ապա դա կապահովի մեր երկրի տնտեսական կայունությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է այն գործարարների հետ, ովքեր ներդրումներ են իրականացրել Վրաստանում: «Չի եղել նման այնպիսի դեպք, որտեղ չլիներ խելամիտ տնտեսագիտական շարժառիթ: Օրինակ՝ հանդիպել եմ այն գործարարների հետ, ովքեր Վրաստանում դեղագործական հումքի մշակման հարթակ են ստեղծում: Ելնելով իրենց բացատրություններից՝ հասկանում ենք, որ նրանք հումքի կայուն մատակարարում են ապահովելու Հայաստանին, ավելին` գրավելու են այս ոլորտում տարածաշրջանի երեք պետությունների շուկաները: Հասկանալի է, որ նման երևույթները վտանգավոր չեն: Վտանգավոր կլինեն այն պարագայում, եթե գործարարներն ամբողջովին դուրս բերեն իրենց բիզնեսը մեր երկրից, իսկ առարկայական նման դեպքեր այսօր չունենք», – ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Share