Բաժին. Տնտեսական

ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. հունիսի 25-ը։ Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում հիմնել վարդերի ջերմոցային տնտեսություն, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները։ Նախատեսվում է կատարել մոտ 2 մլրդ դրամ ներդրում, ստեղծել մոտ 30 աշխատատեղ։ 

«Մենք զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը մշտապես հրավիրում ենք բոլոր այն դեպքերին, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում ձեռնարկություններին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնելու ժամանակ, որպեսզի հանրությունը նույնպես իր հսկողության տակ պահի, որ այս արտոնությունը ծառայելու է բուն նպատակին», – նշել է ՀՀ վարչապետը։ – «Դրա համար այս անգամ ևս ցանկանում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա։ Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ Արդյունքում, հարգելի գործընկերներ, մենք ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ և ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ։ Այնպես որ, օրենսդրական հնարավորությունը, որ տրվեց կառավարությանը, տալիս է իր դրական արդյունքները. բավական շոշափելի են դառնում մեր տնտեսության տարբեր ճյուղերում արվող ներդրումները»։ 

Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելու իր նախկին որոշման մեջ` հստակեցնելով ներմուծվող ապրանքների քանակը և բնութագրիչները։ Ընկերությունը ծրագրել է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և մշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ։ Արդեն իսկ ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք է բերվել 15 միավոր գյուղտեխնիկա, տնկվել են մոտ 90 հազար խաղողի վազ և մոտ 7,5 հազար պտղատու ծառ։ Ընդհանուր առմամբ ներդրվելու է 6,2 մլրդ ՀՀ դրամ, ստեղծվելու է մոտ 80 նոր աշխատատեղ։

Կառավարությունը նաև թույլատրել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների որոշակի քանակների «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2012 թ. հունվար և փետրվար։ Որոշումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը, ինչպես նաև ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը և ստեղծված աշխատատեղերի պահպանմանը։

Հայաստանի ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական մշակումների իրացումը խթանելու նպատակով կառավարությունը ՊՈԱԿ-ին թույլատրել է լատվիական «FNG ինվեստ» ՍՊԸ մասնակցությամբ ստեղծել «Բիոարմ» ՍՊԸ, պայմանով, որ լատվիական ՍՊԸ-ն կկատարի մինչև 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում` անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և քիմռեակտիվների ձեռքբերման համար, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրությունը կկազմակերպվի «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի փորձաարտադրական կայանում, միջազգային շուկայում արտադրանքի իրացման գործընթացը, արտադրանքի փաթեթավորումը, արտահանումը, անհրաժեշտ հումքի ներկրումը կստանձնի նոր ստեղծվող «Բիոարմ» ՍՊԸ-ն։

Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած «Մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները հաստատելու մասին» որոշման մեջ, ինչի շնորհիվ առավել դյուրին պայմաններ են ստեղծվում գործարար միջավայրում տնտեսավարող սուբյեկտների համար, այն է` էապես կրճատվում է մաքսային ձևակերպման ժամանակը, տնտեսավարող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև ձևավորվում են առավել հստակ և կանոնակարգված հարաբերություններ։

Share