Բաժին. Տնտեսական

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այսօր` ապրիլի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը մինչև 2014թ. մարտի 5-ը հետաձգել է «Ամսթեր ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը։ Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր, կատարել մոտ 1.46 մլն եվրոյի ներդրում։ Աշխատանքի մեկնարկը կտրվի մինչև 2011թ. ավարտը, կստեղծվի առնվազն 56 աշխատատեղ։

Մինչև 2014թ. ապրիլի 20-ը երկարաձգվել է նաև «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը։ Նախատեսվում է ԽՍՀՄ տարիներին գործող նախկին ֆաբրիկայի տարածքում կազմակերպել թռչնամսի արտադրություն և վերամշակում` կատարելով մոտ 1.1 մլն եվրոյի ներդրում և ապահովելով առնվազն 90 աշխատատեղ։

Հաշվի առնելով Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բաց հանքի ընդլայնման հեռանկարները` Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Ձափնի և Սյունիք համայնքների քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ։ Նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Մեկ այլ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի շահագործման ծրագիրը` քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ։ Տարածքների ձեռքբերողն է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն։

Share