Բաժին. Տնտեսական

ՀԴՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 10 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունն էական փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշմամբ հաստատված կարգի մեջ։

2011թ. հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։

Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել տասը ավտոմեքենա, այդ թվում` ութ և յոթ նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար վեց և հինգ թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։ 6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ  շահողները համապատասխանաբար կստանան հիսուն հազար, քսան հազար, հինգ հազար, երկու հազար, հինգ հարյուր դրամ։ Որոշման համաձայն դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն ավտոմեքենաներ:

Կառավարության նիստից ավարտին, կառավարության մամուլի կենտրոնում պարգևավճարների և բոնուսների մասին որոշման նախագծի մասին պարազաբանումներ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Վերջինիս հավաստմամբ` գործող կարգում էական փոփոխություները դասակարգվում են չորս մասի: Այդ նպատակով շահող թվերի քանակը եթե նախկինում համարվում էր չորսը և ավելին, ապա այժմ առաջարկվում է շահող թիվ համարել երկրորդից սկսած մինչև ութերորդ և հակառակ ուղղությամբ այսինքն` ութերորդից մինչև երկրորդ:

Հաջորդ փոփոխությունը, որ ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալը, խաղարկության ժամանակ բացի գումարից որոշվել է խաղարկել նաև 10 ավտոմեքենա: Արմեն Ալավերդյանի հավաստմամբ ութ թիվ շահողները կստանան ավտոմեքենա և մեկ միլիոն դրամ, յոթ թիվ շահողները` ավտոմեքենա և հարյուր հազար դրամ: «Եթե այդ թվերից և ոչ մեկը չշահի, ապա այն կխաղարկվի 6 թվերի միջև, 5 թվերի միջև: Այնքան, որ այդ ավտոմեքենաները գտնեն իրենց հասցեատերերին: Այսինքն` ավտոմեքենաները պարտադիր խաղարկվելու են: Եվ սա նախատեսված է իրականացնել բոլոր ամիսներին»,- նշել է նա:

Երրորդ և ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է համակարգում, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, դրամի տեսքով քաղաքացիներին տրամադրելու գործընթացն է: Անցած տարի տրամադրվում էր գումարի երեք տոկոսը: Այս տարվա հունվար ամսից սկսած` մեկ տոկոսը, որը սակայն նվազ չէ քան հարյուր հազար դրամը: Այս որոշման նախագծով առաջարկվում է չորրորդ եռամսյակի` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2011 թվականի համար  հավաքած կտրոնների համար խաղարկել տասական ավտոմեքենա:  2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։

Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության ևբոնուսների համակարգը, որ արդեն մի քանի անգամ կատարելագործվել է: Այն իրականացվել է ավելի արդյունավետ ճանապարհ ընտրելու նպատակով, որպեսզի բավարարի և սպառողներին և օժանդակի պետական խնդիրների լուծմանը:

 

Share