Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը կնպաստի ոռոգման ոլորտի բարեփոխման շարունակմանը, ինչպես նաև ջրօգտագործողների կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հովհաննես Սահակյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել Ազգային Ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները։ Կառավարության եզրակացության համաձայն գործադիրը սույն փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չունի։

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Share