Բաժին. Տնտեսական

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ` ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ նախատեսված հարկային հաշվետվությունների (հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների) ներկայացման և մշակման էլեկտրոնային համակարգի գործարկման արդյունքում ընդլայնվել են հարկ վճարողների սպասարկման ծառայությունների մատուցման եղանակները:

Հարկային և մաքսային վարչարարության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստում ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տեղադրվել են տեղեկատվական տերմինալներ: Ըստ կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, դրանք կնպաստեն հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը, նոր տեսակի ծառայութունների մատուցմանը, ինչպես նաև կպարզեցնեն քաղաքացիների փոխհարաբերությունները հարկային և մաքսային ծառայությունների հետ: ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում, մաքսատներում և սպասարկման կենտրոններում տեղադրված տերմինալները հարկատուներին հնարավորություն կընձեռեն.

  • օգտվել համակարգում առկա հարկային հաշվետվությունների ձևաթղթերից և դրանց լրացման ցուցումներից
  • տեղում լրացնել հարկային հաշվետվությունները, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել և հաստատել, որից հետո ուղարկել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև տպել դրանք
  • օրենքով թույլատրված շրջանակում տվյալներ ստանալ հարկային և մաքսային մարմինների տեղեկատվական բազաների տվյալներից
  • TWM ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձևակերպումները
  • օգտվել հարկային օրենսդրական բազայից, համակարգում առկա հարկային տարբեր գործընթացների վերաբերյալ մշակված ուղեցույցերից
  • լիարժեք օգտվել ՀՀ օրենդրական բազայից, գերատեսչական իրավական ակտերից
  • օգտվել այլ պետական մարմինների էլեկտրոնային համակարգերից (առկայության դեպքում):

Մ. Փաշայանի հավաստմամբ, տերմինալների տեղադրման արդյունքում հնարավորություն կընձեռվի ապահովել ևս մեկ միջնորդավորված կապ հարկ վճարողների ու հարկային և մաքսային մարմինների միջև, որը կնպաստի հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը և հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը:

Share