Բաժին. Տնտեսական

ՀՀ ՊԵԿ – ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ՇՈՒՐՋ 140 ՀԱԶԱՐ ՇԱՀԱԾ ԿՏՐՈՆ. 8 ԵՎ 7 ԹՎԵՐԻ ՀԱՄԸՆԿՄԱՄԲ ՇԱՀՈՒՄՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ

ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստում որոշում է ընդունվել երկարաձգել 2011թ. հունվար ամսվա վիճակահանությամբ շահած կտրոններով պարգևավճարների վճարման ժամկետները: Այն քաղաքացիները, որոնք ունեն 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին տրամադրված կտրոններով շահումներ, կարող են պարգևավճարները ստանալ մինչև սույն թվականի փետրվարի 5-ը ներառյալ`  «Հայփոստ» ՓԲԸ և «Արարատբանկ» ԲԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի որոշումն ընդունվել է հաշվի առնելով այն փաստը, որ այս ամիս վճարման ենթակա են 2010թ. չորրորդ եռամսյակի ընթացքում տրված շահած կտրոնները, իսկ նախորդ ամիսներին տրամադրվում էին միայն մեկ ամսվա ընթացքում շահած կտրոնները: Բացի այդ, հունվար ամսվա առաջին տաս օրերը աշխատանքային չէին, և հաշվի առնելով «Հայփոստ»-ի և «Արարատբանկ»-ի բաժանմունքներում և մասնաճյուղերում առաջացած հերթերը, ինչպես նաև ազգաբնակչության կողմից արված բազմաթիվ առաջարկները, կառավարությունը որոշեց երկարաձգել շահումների համար վճարման ժամկետները, որպեսզի մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր ունեն համապատասխան շահումներ, հնարավորություն ընձեռվի ստանալ պարգևավճարները: 

Արմեն Ալավերդյանը ներկայացրեց մինչ հունվարի 27-ը վճարված պարգևավճարների մասին միջանկյալ տեղեկատվություն. քաղաքացիներին պարգևավճարների տեսքով արդեն վճարվել է 100 միլիոն դրամ, սպասարկվել է շուրջ 140 000 շահած կտրոն, 8 և 7  թվերի համընկմամբ շահումներ առայժմ չկան, վեց թվի համընկմամբ առկա է մեկ շահում, հինգ թվի համընկմամբ կա 150 շահում: 

Բացի այդ, կառավարության որոշմամբ, սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` այսուհետ վիճակահանությունները կանցկացվեն յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը:

Share