Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՁԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ «ԱԿՎԱՏԵԽԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 6-ին, այցելել է Արարատի մարզում գործող «Ակվատեխավտոմատիկա» ընկերություն: Վերջինս իրականացնում է ձկան արտադրություն` թառաբուծություն: Վարչապետն իր այցի շրջանակներում ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

Նշենք, որ ներկայումս ընկերությունն իր արտադրանքն իրացնում է Հայաստանում, ԱՊՀ-ում և Վրաստանում: «Ակվատեխավտոմատիկա»-ն այս տարվա համար կնքնել է արտահանման բազմաթիվ պայմանագրեր, շուրջ 700 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Միևնույն ժամանակ, Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) ներդրումային կոմիտեն հաստատել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, ինչի արդյունքում ընկերության կապիտալում ներդրվել է 200 մլն. դրամ, ընկերությունում ներդրվել է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ: ՀԳՏՏԶՀ-ի կողմից տրամադրված ֆինանսավորման արդյունքում ձեռք են բերվել նորագույն տեխնոլոգիաներով 6 պլաստիկ ջրավազաններ, որոնք, ըստ մասնագետների, ավելի արդյունավետ են` քան բետոնե ջրավազանները, ինչպես կառուցման, այնպես էլ շահագործման ծախսերի տեսանկյունից: Նման ջրավազաններից յուրաքանչյուրում հնարավոր է աճեցնել մինչև 7 տոննա ձուկ:

Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ի ներդրումների արդյունքում ընկերությունը ձեռք է բերել նաև թթվածնի գեներատորներ, աէրատորներ և լաբորատոր սարքեր. միջոցներ են ուղվել նաև թառափի մայրական կազմի համալրման ուղությամբ: Պլաստիկե ջրավազանների տեղադրման համար անհրաժեշտ չէ փոխարինել հողի օգտագործման նպատակը (հողի կարգը) և կատարել մեծ հողային աշխատանքներ: Ջրավազանների շահագործման ժամկետն է 25 տարի, որոնց տեղադրումը հնարավոր է իրականացնել կարճ ժամկետներում:

Share