Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ 12% ԱՃ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15271 գործարքներ, որոնց քանակը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 5.0%-ով, իսկ 2009 թվականի սեպտեմբերի համեմատությամբ` 12.0%-ով: Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4045 օտարման գործարքների 81.9%-ը կազմել են առուվաճառքները, 17.2%-ը` նվիրատվությունները և 1.0%-ը` փոխանակությունները:

Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41.7%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.8%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ:

2009 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 7.8%-ով, իսկ 2008 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել շուրջ 19.7%-ով:

 Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.9%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, ընդ որում 2009 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատությամբ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 10.4%-ով, իսկ 2008 թվականի հոկտեմբերի համեմատ` 25.2%-ով: Այս տարվա հոկտեմբերին մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 461 հազար 700 դրամ` 2008 թվականի հոկտեմբերին արձանագրված 490 հազար դրամի դիմաց: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների դիմաց առավել բարձր գներ սահմանվել է նաև Արաբկիրում` 1 քմ-ի դիմաց 360 հազար 100 դրամ, Քանաքեռ-Զեյթունում` 270 հազար 400 դրամ: Նշենք նաև,  որ Նոր-Նորքում հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը սահմանվել է 221 հազար 800 դրամ, Ավանում` 228 հազար 100 դրամ  Էրեբունի վարչական շրջանում` 235 հազար 700 դրամ, Շենգավիթում` 235 հազար 800 դրամ, Դավթաշենում` 253 հազար դրամ, Աջափնյակում` 226 հազար դրամ, Մալաթիա-Սեμաստիայում` 222 հազար 800 դրամ, Նուμարաշենում` 143 հազար 300 դրամ:

 Երևան քաղաքում այս տարվա հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները սեպտեմբերի համեմատ աճել են 1.9%-ով:

2009 թվականի հոկտեմբերին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 376 բնակարաններ, որոնց քանակը  սեպտեմբերի համեմատ աճել է 5.3%-ով, իսկ 2008 թվականի հոկտեմբերի համեմատ` 11.7%-ով: Այս տարվա հոկտեմբերին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների վերլուծության համաձայն բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով,  ամենաբարձր շուկայական միջինացված գները սահմանվել են Ծաղկաձորում` 175 հազար 400 դրամ` 2008 թվականի համապատասխան ամսվա արդյունքներով գրանցված 165 հազարի դիմաց: 2009 թվականի հոկտեմբերին հանրապետության մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները սեպտեմբերի համեմատ աճել են 0.9%-ով: 

Share