Բաժին. Տնտեսական

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 6-ին կայացած նիստում հրապարակեց մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Նկատի ունենալով գյուղոլորտում այս ապրանքատեսակի կարևորությունը և նաև պայմանավորված դրա օգտագործման սեզոնայնությամբ` Հանձնաժողովն ուսումնասիրությունն ավարտեց բավականին կարճ ժամկետում:

Նախ, ուսումնասիրության ընթացքում պարզվեցին, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող:  Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիան»` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիություն» ընկերությունը` 22 տոկոս մասնաբաժիններով: Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց:

Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ  հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն: Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների և գյուղացիական տնտեսությունների պարզաբանումների, իրանական արտադրության պարարտանյութն իրենց վաճառվում է անհամեմատ թանկ, քան վրացականը, մոտ 2-3 հազար դրամի տարբերությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 7 հազար դրամ առավելագույն գինը վերոնշյալ երկու տեսակների դեպքում էլ անփոփոխ է:

Հարկ ենք համարում նաև նշել խոշոր ներկրողների հասցեները, որտեղից վաճառքը կկատարվի նշված գներով:
Այսպես.
«Քեթրին գրուպ» –  (ք. Երևան, Այվազովսկու  4, ք. Բյուրեղավան ԵԲԿ-10, ք. Վանաձոր, Մոսկովյան 27, ք. Գյումրի, կայարանամերձ հրապարակ թիվ 1),
«Ագրիմատկո Արմենիան» –  (Արմավիրի մարզ, գյուղ Նորապատ, Շիրակի մարզ, գյուղ Ազատան, ք. Արտաշատ, Արարատյան փողոց 7 ա),
«Մասիսի բերրիություն» – (Արարատի մարզ, ք. Մասիսի կայարան, Սյունիքի մարզ, ք. Սիսիան):
                                             
Ընդ որում նշված գները պետք է գործեն ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի դեպքում: Հանձնաժողովը հետամուտ է և վերահսկելու է, որ ներկրողների կողմից չկիրառվի խտրական և տարբերակված գնային քաղաքականություն:

Հանձնաժողովի կողմից  այս շուկան ևս գտնվում է խիստ վերահսկողության տակ, և Հանձնաժողովը հետամուտ է, որ բացահայտվեն սպեկուլյացիոն երևույթները: Այդ իսկ պատճառով հանրապետության գյուղական համայնքներում պարարտանյութի վաճառքի գնային չարաշահման հետ կապված բնակիչները կարող են ահազանգել ՏՄՊՊՀ թեժ գծին՝  010 54-40-04  հեռախոսահամարով:
Share