Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԲԵԼՈՌՈՒՍ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Այս հարցերից մեկը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը: Այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է. «Մաքսային միության վերաբերյալ հարցը, բնականաբար, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը քննարկում են նաև ԱՊՀ այլ երկրների հետ, նաև` Հայաստանի։  Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Մեր օրենսդրության մեջ ներդրել ենք այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ և այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ Միջազագային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել, եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։
Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով և մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ և խորը ազատ առևտրի համաձայնագրի լիիրավ անդամ։ Այդ առումով ջանքեր ենք գործադրում` իրականացնելու ՀՀ-ում բարեփոխումներ»։
Share