Բաժին. Տնտեսական

2009Թ.-Ի ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 148,3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2009 թվականի պետական բյուջեի կատարման ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 148.3 մլրդ դրամ պակասուրդով (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցների)` նախատեսված 1.4 մլրդ դրամ հավելուրդի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարի պետական բյուջեն կատարվել էր 771.7 մլն դրամ պակասուրդով: Հաշվետու տարում ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է ավելի քան 110.7 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 42.6%-ը` նախորդ տարվա 25.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 259 մլրդ դրամ պակասուրդ կամ տարեկան ծրագրի 100.1%-ը` նախորդ տարվա 25.1 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ավելի քան 45.4 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` 81.7%-ով գերազանցելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Այս նպատակով հատկացվել է 1.0 մլն դրամ: Մուրհակների մարման նպատակով տարեկան ծրագրով նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվել է` կազմելով 2.0 մլրդ դրամ: Ամբողջությամբ տրամադրվել է նաև ՙ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարման նպատակով նախատեսված գումարը` կազմելով 1.2 մլրդ դրամ:

Հաշվետու տարվա պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -152.9 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 54.3%-ը: Մասնավորապես` անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 100.9 մլրդ դրամի վարկեր` կազմելով նախատեսվածի 94.4%-ը: Նշված գումարից շուրջ 97.6 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացված դեպոզիտային հաշվին` տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Ավելի քան 182.9 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 69.9 մլն դրամ հատկացվել է «Կանազ» ԲԲԸ ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են շուրջ 15.1 մլրդ դրամ:

2009 թվականին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել 121.0 մլրդ դրամ: Նշված գումարից ֆինանսավորվել է 124.1 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 110 մլրդ դրամը: Անցած տարվա ընթացքում 3.1 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2009 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են 259 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 100.1%-ը: Մասնավորապես` ավելի քան 33.1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 29.5 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 217.4 մլն դրամ:

2009 թվականին արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185. 1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը` Զարգացման միջազգային ընկերակցության և 31.4 մլրդ դրամը` Ասիական զարգացման բանկի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է ավելի քան 6.3 մլրդ դրամ, որից ավելի քան 4.4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: Բացի այդ, 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 232 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 34.5 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 182.6 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի և 87.3 մլն դրամ` Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնման անհետաձգելի օգնության ծրագրի գծով Գերմանիայի դաշնային հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Share