Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ

«Աշխատանքային նախաճաշ նախարարի հետ» միջոցառման շրջանակում հունիսի 8-ին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել ԻՏՁՄ հետևյալ անդամ կազմակերպությունները` «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», iCON, «Արմինկո», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սորսիո», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, Օհանյան Վարժարանը, ADC, «Օրանժ Արմենիա»:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներկայիս լայնածավալ վերափոխությունները և դրանց հետ կապված խնդիրները: Նախարարի կողմից հատուկ շեշտադրվել է գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական նորամուծությունների կարևորությունը: «Նորարարական լուծումները կտրուկ բարձրացնում են ցանկացած ոլորտի արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը, այդ իսկ պատճառով տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելիս անպայմանորեն պետք է հաշվի առնվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները»,- նշել է Սերգո Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ԻՏՁՄ և Գյուղատնտեսության նախարարության միջև, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում ՏՏ/ԲՏ լուծումների հետագա կիրառման ծրագրերով: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2 կողմերի հանդիպումները դարձնել պարբերական:

«Ոլորտների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-25-ը DigiTec Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի շրջանակներում, որոնց մասին գյուղատնտեսության նախարարի աջակցությամբ կտեղեկացվեն գյուղատնտեսության ոլորտում գործող գործարարները և, մասնակցելով ֆորումին, կծանոթանան տեխնոլոգիական լուծումներին` հետագայում դրանք իրենց բիզնեսում կիրառելու նպատակով»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Share