Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

«Բիզնես 24» լրատվական նախագիծը հարցում է իրականացրել հայ ուսանողների շրջանում` պարզելու համար, թե որտե՞ղ են ցանկանում աշխատել ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները, և ո՞ր գործոններն են, որ առաջնային նշանակություն ունեն աշխատավայրի ընտրության հարցում: Հայաստանի առավել գրավիչ գործատուների բացահայտման նպատակով կազմակերպված հարցմանը մասնակցել է շուրջ 300 ուսանող (ԵՊՀ, ՀՊՏՀ): Վերջիններս լրացրել են համապատասխան հարցաթերթիկ` նշելով պետական ու մասնավոր հատվածների այն կառույցների ու կազմակերպությունների անունները, որտեղ իրենք ցանկանում են աշխատել: Միևնույն ժամանակ, ուսանողներն առանձնացրել են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորվել է իրենց ընտրությունը:

 

Եվ այսպես, ներկայացնենք հարցման ամփոփված արդյունքները, որոնք, միգուցե, ինչ-որ չափով կանխատեսելի էին, սակայն, այնուամենայիվ, հետաքրքիր ու խոստումնալից են:

 

Պետական հատված. Հայաստանի պետական կառույցներից ամենագրավիչ գործատուն ՀՀ կենտրոնական բանկն է

 

Ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները պետական ոլորտում աշխատելու դեպքում առավելապես գերադասում են լինել ՀՀ կենտրոնական բանկի աշխատակից: Հարցմանը մասնակցած ուսանողների շուրջ 40%-ը որպես պետական հատվածի առավել գրավիչ գործատու առաջին հերթին առանձնացրել է հենց կենտրոնական բանկը: Պետական հատվածի գրավիչ գործատուների վարկանիշի երկրորդ հորիզոնականում նախարարություններն են (19%), ընդ որում նախարարությունների շարքում բացարձակ առաջատարը ՀՀ ֆինանսների նախարարությունն է (հարցմանը մասնակցած ուսանողների ավելի քան 15%-ը նախընտրել է աշխատել ՀՀ ֆինանսների նախարարությունում), այնուհետև հաջորդում են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի ու Տրանսպորտի և կապի նախարարությունները: Հայաստանի պետական հատվածի գրավիչ գործատուների առաջին եռյակը եզրափակում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (13%):

 

Նշենք նաև, որ ՀՀ կառավարության աշխատակազմում ցանկացել է աշխատել հարցմանը մասնակցած ուսանողների շուրջ 10%-ը: Միևնույն ժամանակ, Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները ոչ մեծ ակտիվությամբ, սակայն, այնուամենայնիվ, պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև Ազգային Ժողովում, ՀՀ նախագահի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում:

 

Մասնավոր հատված. ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները պատրաստվում են ստեղծել և զարգացնել սեփական բիզնեսը

 

Հայաստանի ապագան խոստումնալից է. մեր երկրի ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների զգալի հատվածը մտադիր է ստեղծել և զարգացնել սեփական բիզնեսը: Նման մտադրություն հայտնել է հարցմանը մասնակցած ուսանողների շուրջ 25%-ը: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածում արդեն իսկ գործող և բիզնես-միջավայրում զգալի հաջողություններ գրանցած ընկերություններում աշխատել ցանկացող ուսանողների գերակշիռ մասը գերադասել է ծառայությունների ոլորտը: Արտադրությունում կամ արդյունաբերական որևէ ընկերությունում աշխատելու ցանկության տեսանկյունից ուսանողների շրջանում գրանցվել է զգալի պասիվություն: Նման դրսևորումն, անշուշտ, բացատրվում է Հայաստանի տնտեսությունում ձևավորված ներկայիս միտումներով:

 

Այսպես, ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների համար առավել գրավիչ է ֆինանսական շուկան. հայաստանյան բանկերում աշխատելու ցանկություն հայտնել է հարցված ուսանողների շուրջ 23%-ը, իսկ ապահովագրական ընկերություններին որպես գրավիչ գործատուներ առանձնացրել է ուսանողների 7%-ը: Նշենք, որ ուսանողների շրջանում առավել մեծ հարգանք վայելում է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» բանկը: Վերջինիս իրենց գրավչությամբ հաջորդում են «Ամերիաբանկ»-ը և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը: Միևնույն ժամանակ, ապահովագրական ընկերությունների շարքում որպես գրավիչ գործատու առանձնացել է «Ռոսգոսստրախ» ընկերությունը:

 

Իր աշխատանքային գրավչությամբ ֆինանսաբանկային ոլորտին հաջորդում է հեռահաղորդակցության ոլորտը`  ի դեմս այս ոլորտում գործող բջջային կապի երեք օպերատորների: Ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների 17%-ը ցանկություն է հայտնել դառնալ այս երեք ընկերություններից որևէ մեկի աշխատակից, ընդ որում գործատուներ «Վիվա-Սել ՄՏՍ»-ը, «Օրանժ Արմենիա»-ն և «ԱրմենՏել»-ը ունեն գրեթե նույն գրավչությունը:

 

Հատկանշական է, որ հայ ուսանողներն իրենց մասնագիտական ունակությունների դրսևորման համար առավել գրավիչ են համարում նաև Հայաստանում գործող միջազգային աուդիտորական և խորհրդատվական կազմակերպությունները (KPMG, Grant Thornton CJSC):

 

Ուսանողների շրջանում զուտ հայկական կապիտալով ընկերություններում աշխատելու ցանկությունն, ըստ հարցման արդյունքների, գրեթե բացակայում է:

Աշխատանքի ընտրության հարցում որոշիչն աշխատավարձն է

Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների համար աշխատանքի ընտրության հարցում առաջնային է աշխատավարձը: Իրականացված հարցման արդյունքների համաձայն` ուսանողների 47%-ը աշխատավարձը նշել է որպես առաջնային և որոշիչ գործոն: Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցած ուսանողների 24%-ը կարևորել է նաև գործատուի վարկանիշը, հեղինակությունն ու գործարար համբավը: Մասնագիտական ունակությունների դրսևորման հնարավորությունը որպես կարևոր հանգամանք առանձնացրել է ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների 21%-ը:

 

Նշենք նաև, որ հարցվածների` տոկոսային հարաբերակցությամբ փոքր հատվածը աշխատանքի ընտրության հարցում որպես որոշիչ գործոն առանձնացրել է համախմբված աշխատակազմի առկայությունը, առաջխաղացման հնարավորությունը և չափավոր ծանրաբեռնվածությունը:
Share