Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ

2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.1% և 0.1% գնանկում, ընդ որում  2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 39.8% և 25.2%-ով, իսկ 2005թ. համեմատ` 9.9% և 17.7%-ով:

Կոշկեղենի, լվացող միջոցների, այգեգործական ապրանքների, կահույքի, տեքստիլեղենի, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.1-0.2% գնանկում: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային էլեկտրաապրանքների 0.1%, անձնապիտո ապրանքների 0.2%, խոհանոցային սպասքի 0.4%, հագուստի և գործվածքի 0.5%, շինանյութերի 0.5%, գեղաhարդարման ապրանքների 0.7%, վառելիքի 2.2%, մշակույթի ապրանքների 3.6% գնաճ, իսկ գորգեղենի և դեղամիջոցների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Երևան, Արտաշատ, Վանաձոր և Թալին քաղաքներում 2010թ. հունվարին դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Արտաշատում): Դիտարկված 5 քաղաքներում արձանագրվել է 0.2-0.7% գնաճ, իսկ մյուս 2 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2%-ով:

Share