Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3.0% ԳՆԱՆԿՈՒՄ

2011թ. հուլիսին հունիս ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 5.4%-ով, ծառայությունների սակագները` 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից`  2011թ. հուլիսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.1%, ծառայությունների սակագներինը՝ 102.2%: 2011թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը  0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%):

Միևնույն ժամանակ, 2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 109.6%, ոչ պարենային ապրանքներինը` 103.1%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-հուլիսին 2010թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 109.4%, 114.0, 103.1 և 104.6%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 4.1-2.2% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 3.0%-ով:

Share