Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում 2010 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության դինամիկան ներկայացնող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա մարտ ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 106 125 դրամ, իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում այս ցուցանիշը սահմանվել է 102 712 դրամ մակարդակում: 2009 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ ՀՀ-ում անվանական միջին աշխատավարձն աճել է 8,9%-ով, իսկ հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատությամբ` 7,1%-ով:
Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշն, ինչպես և նախորդ ամիսների ընթացքում, գրանցվել է ֆինանսական ոլորտում: 2010 թվականի մարտ ամսվա արդյունքներով ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է  291 727 դրամ, իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում` 270 939 դրամ: 2009 թվականի ցուցանիշների հետ համեմատած` մարտին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձն աճել է 14,9%-ով, իսկ հունվար-մարտ ամիսների համեմատությամբ անվանական միջին աշխատավարձն աճել է 7,7%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ցուցանիշով ֆինանսական ոլորտին հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտը: Այստեղ մարտին անվանական միջին աշխատավարձը կազմել է 195 723 դրամ, իսկ հունվար-մարտին ` 186 810 դրամ: Տարեկան կտրվածքով հանքարդյունաբերական ոլորտում ամսական միջին աշխատավարձը մարտ ամսվա ընթացքում աճել է 31,3%-ով, իսկ հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատությամբ` 10,7%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը գրանցվել է ձկնորսության, ձկնաբուծության և կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման ոլորտներում: Այսպես, ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում մարտին անվանական միջին աշխատավարձը կազմել է 55 192 դրամ, իսկ կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման ոլորտ` 68 496 դրամ:

Նշենք նաև, որ մարտ ամսվա արդյունքներով պետական կառավարման հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 120 616 դրամ, կրթության ոլորտում` 75 989 դրամ, տրանսպորտի և կապի ոլորտում` 152 769 դրամ, շինարարության ոլորտում` 127 869 դրամ:

Share