Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության դինամիկան ներկայացնող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 102 511 դրամ, իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում այս ցուցանիշը սահմանվել է 98 714 դրամ մակարդակում: 2008 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ ՀՀ-ում անվանական միջին աշխատավարձն աճել է 8,6%-ով, իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ` 11,6%-ով:

Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ֆինանսական ոլորտում: 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 277 826 դրամ, իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում` 262 041 դրամ: 2008 թվականի ցուցանիշների հետ համեմատած` հոկտեմբերին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձն աճել է 4,0%-ով, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ անվանական միջին աշխատավարձն աճել է 0,1%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ցուցանիշով ֆինանսական ոլորտին հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտը: Այստեղ անցյալ տարվա հոկտեմբերիին անվանական միջին աշխատավարձը կազմել է 176 250 դրամ, իսկ հունվար-հոկտեմբերին ` 176 237 դրամ: Տարեկան կտրվածքով հանքարդյունաբերական ոլորտում ամսական միջին աշխատավարձը հոկտեմբերին աճել է 2,1%-ով, իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 17,3%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը գրանցվել է ձկնորսության, ձկնաբուծության և կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման ոլորտներում: Այսպես, ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում 2009 թվականի առաջին տաս ամսիներին անվանական միջին աշխատավարձը կազմել է 55 750 դրամ, իսկ կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման ոլորտ` 68 560 դրամ:

Նշենք նաև, որ պետական կառավարման հատվածում 2009 թվականի առաջին տաս ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 114 259 դրամ, կրթության ոլորտում` 75 612 դրամ, տրանսպորտի և կապի ոլորտում` 122 341 դրամ:

Share