Բաժին. Տնտեսական

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ «ՀՈՍՈՒՄ ԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆ

Հետճգնաժամային անկումային տրամադրությունը և ներդրողների «զգուշավոր» տրամադրվածությունն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը, ինչը և նպաստում է մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճին: Այսպես,  2011թ. հունվար-հունիսին մեր տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 421.9 մլն դոլար: Այս ցուցանիշը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է ավելի քան 28%-ով: Միևնույն ժամանակ, միայն ուղղակի ներդրումները կազմել են 349.5 մլն դոլար` ապահովելով տարեկան կտրվածքով շուրջ 58% աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով զգալի աճել են Հայաստանի տնտեսության իրական հատված Ռուսաստանից, ԱՄՆ-ից և մի շարք այլ գործընկեր-երկրներից հոսող ներդրումների ծավալները: Այսպես, Ռուսատանը, որը դեռևս շարունակում է Հայաստանի համար մնալ որպես օտարերկրյա ներդրումների հիմնական «աղբյուր», 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցել է դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների ընդհանուր ծավալի 76.8 % աճ (Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 55%-ը (206 մլն դոլար)):  Օտարերկրյա ներդումների ծավալով երկրորդ երկիրը Ֆրանսիան է (68 մլն դոլար), իսկ առաջին եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն (35 մլն դոլար):

Հատկանշական է, որ Հայաստանը` որպես ներդրումային հարթակ, շարունակում են իրենց համար «բացահայտել» նաև օֆշորային գոտիների «համբավ» ունեցող Վիրջինյան կղզիների, Լյուսքսեմբուրգի, Կիպրոսի ներդրողները: Վերջիններիս համար առավել գրավիչ է Հայաստանի մեծածախ առևտրի, մանրածախ առևտրի, վարձույթի և լիզինգի, կացության կազմակերպման, խմիչքների արտադրության ոլորտներում, ինչպես նաև  հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման որոշ ճյուղերում գործունեության ծավալելու հեռանկարները: 

Այսպես, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Կիպրոսից ՀՀ տնտեսության իրական հատված ուղղված օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 3,1 անգամ` կազմելով 10.8 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Լյուքսեմբուրգից Հայաստան «հոսած» ներդրումներն աճել են 2.7 անգամ (շուրջ 6 մլն դոլար): Ինչ վերաբերում է Վիրջինյան կղզիներից Հայաստանի տնտեսության իրական հատված ուղղված ներդրումներին, ապա վերջիններիս ընդհանուր ծավալը կազմել է 9.32 մլն դոլար:

Share